ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Բրուսելյան խայտառակության հետքերով

Բրուսելյան խայտառակության հետքերով
15.05.2023 | 22:39

Կիրակի օրը Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը ոգևորությամբ հայտարարեց, որ «երկրների առաջնորդները հայտնել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թ․ Ալմաթիի հռչակագրին, և ճանաչում են փոխադարձ տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը 29,800 քկմ, և Ադրբեջանը` 86,600 քկմ տարածքով, վերջնական սահմանազատումը տեղի կունենա բանակցությունների միջոցով»։

Նաև, նա նշեց, որ «հորդորել է Ադրբեջանին ներկայացնել դրական օրակարգ՝ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքում ապրող հայերի իրավունքների և անվտանգության վերաբերյալ»:

Եթե վերանանք դիվանագիտական տերմինաբանությունից, ապա սա նշանակում է, որ Հայաստանը բանակցություններին ներկայացնող, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը աներկբա ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, իսկ Ադրբեջանը դրա դիմաց Արցախի վերաբերյալ նույնիսկ որևէ պարտավորություն չի ստանձնել։ Սա Փաշինյանի տոտալ ձախողումն է՝ որպես պետական գործիչ և բանակցող, որն արդեն ընդգծված ողբերգական հետևանքներ ունի Արցախում և Հայաստանի սահմանամերձ համայնքերում ապրող մեր բոլոր հայրենակիցների համար, և որը կարող է հանգեցնել ոչ միայն Արցախի վերացմանը, այլև Հայաստանի փուլային կլանմանը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։

Նիկոլ Փաշինյանի այս արկածախնդիր և հակապետական գործունեությունը պետք է հնարավոր բոլոր խելամիտ միջոցներով կասեցնել։ Այս կապակցությամբ կուզեի հիշեցնել մի քանի պարզ իրողություն՝

ա) Դեռևս 1992 թ․ հուլիսի 8-ին ՀՀ Գերագուն Խորհուրդը ընդունել է որոշում, որի 2-րդ կետը սահմանում է հետևյալը՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։

Այս որոշումը օրենքի ուժ ունի, ուստի ցանկացած պետական գործիչ, որն հակառակն է անում, դրանով խախտում է ՀՀ օրենքը։

բ) ՀՀ Վարչապետը երկրի անունից այլ երկրի տարածքային ամբողջականություն ճանաչելու միանձնյա իրավասություն չունի։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 123 Հոդվածի 1-ին կետի՝ «Հայաստանի Հանրապետության նախագահը պետության գլուխն է», ուստի նա է, որ իրավունք ունի ՀՀ անունից այդպիսի հայտարարություններ անել, հենվելով արդեն իսկ կնքված և վավերացված միջազգային պայմանագրերի վրա։ Ավելին, համաձայն ՀՀ Սահմանադրության 116 հոդվածի 1-ին կետի, ՀՀ Ազգային ժողովն է վավերացնում բոլոր այն միջազգային պայմանագրերը, որոնք «ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ»։ ՈՒստի, մինչև ՀՀ Սահմանադրական դատարանը չհաստատի միջազգային պայմանագրի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, և ՀՀ Ազգային ժողովը չվավերացնի այն, ոչ միայն որևէ պաշտոնյա իրավունք չունի ՀՀ անունից այդպիսի հայտարարություններ շռայլել, այլև այդ գործողությունները անմիջականորեն հանդիսանում են այլ պետական մարմինների իրավասությունների փաստացի յուրացում և ևս ապօրինի են։

գ) Այս կապակցությամբ, ՀՀ Քրեական օրենսգրքի 419 հոդվածի 1-ին կետը հստակ սահմանում է, որ «բռնությամբ, կամ Սահմանադրությամբ չնախատեսած այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորություններն տիրանալը՝ պատժվում է ազատազրկմամբ, տասից տասնհինգ տարի ժամկետով»։ Տվյալ դեպում, մենք առերևույթ գործ ունենք Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ սահմանադրական կարգի դեմ ուղղված հստակ գործողության հետ, որը ՀՀ բոլոր քաղաքացիների համար առավել ծանր, և փաստացի անուղղելի հետևանքներ է առաջացնում։

Ամփոփելով վերոնշյալը, ևս մեկ անգամ շեշտեմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը որևէ իրավունք չունի ՀՀ անունից Արցախի Հանրապետությունը ճանաչել Ադրբեջանի կազմում։ ՈՒստի նա կամ պետք է հերքի ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի հայտարարությունը, և կամ էլ պատրաստ լինի հրաժարական տալու՝ դրանով Հայաստանի Հանրապետության վրայից հանելով իր ապօրինի և արկածախնդիր գործողությունների պատասխանատվությունը։

Եթե նա դրանցից որևէ մեկը չի անում, ապա մեր երկրի բոլոր պետականամետ կառույցները պետք է միավորեն իրենց ուժերը՝ հասնելու այս անձնավորության հրաժարականին, և օրենքի ուժով նրան պատասխանատվության ենթարկելուն՝ սահմանադրական կարգի դեմ ուղղված նրա գործողությունների համար։ Անձամբ ես հետևողական եմ՝ պայքարելու Նիկոլ Փաշինյանին բոլոր օրինական միջոցներով իշխանությունից հեռացնելու համար, և կոչ եմ անում բոլոր մեր համախոհներին և գործընկերներին հանդես գալու միասնական դիրքորոշմամբ՝ այս անձնավորության կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետություններին տված հետագա վնասները կանխելու նպատակով։

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 3455

Մեկնաբանություններ